Երբ այն ժամանակ Մանվել Գրիգորյանի տանը նամակները տեսանք, բոլորս շոկի մեջ էինք, հիմա շոկից դուրս եմ եկել ու կպարզվի, թե որտեղից դրանք հայտնվեցին այդտեղ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ձերբակալությանը:

Սարոյանը նշեց, որ այս պահին չի շփվում Մանվել Գրիգորյանի հետ: Նա հաստատեց, որ Մանվել Գրիգորյանի հարցով խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ. «Որպեսզի էդ մարդը բերդում չմեռնի ու ամբողջ աշխարհում խայտառակ լինենք: Ասենք, Մանվելը բերդում չեղավ, գնաց իրանց տուն, ո՞ւր պետք է փախնի, կարո՞ղ է փախնի երկրից: Վարչապետն էլ ասեց՝ գեներալ ջան, կա քննություն, կա բժշկություն: Եթե կտեսնեն, որ իրոք վատ ա, կփորձենք այդ հարցին ուրիշ ձեւի լուծում տանք»:

Դիտարկմանը, որ օրինակ Միքայել Հարությունյանը, Միհրան Պողոսյանն ու մյուսները ազատության մեջ լինելով փախել են, Սեյրան Սարոյանն ասաց. «Նրանք չեն փախել, գնացել չեն եկել»:

Նա նշեց, որ այդ հարցերն իրենց պետք է տալ. «Եթե մեղավոր չի, ինչի՞ է փախել: Ուրեմն մեղավոր է»: Նա վստահություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանը չի փախչի: