Ամուլսարի ոսկու հանքավայրում փորձաքննություն անցկացնելու համար Elard ընկերությունն ընտրվել է առանց դրա համար որեւէ հիմնավորման: Օգոստոսի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Միացյալ առողջություն» հասարակական շարժման ղեկավար Գրիգոր Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս ընկերությունը նախկինում համանման փորձաքննություններ չի անցկացրել: Գրիգորյանը նշեց, որ նախօրեին Facebook-յան իր էջի ուղիղ եթերում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ընկերությունն ընտրել են Natural Resource Governance Institute կազմակերպության երաշխավորությամբ: Մինչդեռ Elard-ը նման հանքավայրերում բնապահպանական գնահատական տալու փորձ չունի: «Ինձ համար տարօրինակ է, թե ինչու Հայաստանի կառավարությունը սրան ուշադրություն չի դարձրել»,- շեշտեց քաղաքացիական հատվածի ներկայացուցիչը՝ վստահություն հայտնելով, որ երկրի բնակիչները իշխանություններին թույլ չեն տա ընդունել հակաժողովրդական որոշումներ:

Իր հերթին, բնապահպանական  ճակատի անդամ Սիլվա Ադամյանը նշեց, որ «Elard» ընկերությունը հանրային լսումների ժամանակ ներկայացրել է բնապահպանական եզրակացություն:

«Մենք նրանց մի քանի հարց տվեցինք, որից հետո անցանք եզրակացությանը. ընկերության ներկայացուցիչները անգամ դաշտային հետազոտություններ չեն անցկացրել, չեն վերցրել հողի եւ ջրի նմուշներ: Նրանց աշխատանքը բացառապես թղթային էր. նրանք ուսումնասիրել էին հին բնապահպանական հիմնավորումը, որն անցկացվել էր  «Lydian» ընկերոթյան պատվերով», - հավելեց Ադամյանը:

Նրա կարծիքով, լուրջ մտավախություններ կան, որ հանքավայրի գնահատումը ձեւական բնույթ է կրել, իսկ  Կառավարությունը պատրաստվում է ամեն գնով թույլ տալ շահագործումը:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրը շահագործելու լիցենզիա ստացել է «Lydian Armenia» ընկերությունը: Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել շրջակա միջավայրի վրա ազդեցության նրա գնահատականին:

Այնուհետ  «Lydian Armenia» ընկերությանը խնդրել էին երկրորդ անգամ գնահատում անցկացնել, իսկ իշխանափոխությունից հետո նոր ղեկավարությունը որոշեց ինքնուրույն գնահատում պատվիրել եւ ընտրեց լիբանանյան «Elard» ընկերությանը՝  վկայակոչելով նրա հարուստ փորձը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այժմ վստահեցնում է, որ հանքավայրը պետք է շահագործվի: