ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շարունակում է տեղում ղեկավարել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի տարածքում բռնկված հրդեհի մարման աշխատանքները:

Խոշոր հրդեհը բռնկվել է Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում:

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և 3 ավտոսանդուղք:

Դեպքի վայրում գտնվող ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մանրամասներ է ներկայացրել հրդեհի և հրդեհաշիջման աշխատանքների ընթացքի վերաբերյալ: Նրա խոսքով, սառնարանի պատերը հաստ են, պատերի մեջ նյութեր են դրված, որոնք տակից այրվում են ու կրակը չի երեւում: «Շատ ջուր է լցվել, բայց առայժմ վերջը չի երեւում: նախ փորձում ենք տանիքից անցքեր բացել, ջուր լցնել: Հետո կփորձեն այդ ծակերից հրշեջներ մտնեն, տեսնեն պատերն ինչ վիճակում է, հրդեհ է, թե ծուխ է»,-ասաց նա: