Ռիո դե Ժանեյրոյում զինված տղամարդը գրավել է ուղեւորներով ավտոբուսը, առայժմ հայտնի չէ, թե քանի մարդ է պատանդառվել, հայտնում է Correio Braziliense պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան Ռիո Նիտերոյ ավտոճանապարհային կամրջի վրա: Հաղորդվում է, որ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետարանի ուղղությամբ կամրջով երթեւեկությունն ամբողջությամբ արգելափակված է:

Նախնական տեղեկություններով ավտոբուսը գրավողը ներկայացել է ռազմական ոստիկանության սպա: Նա ավտոբուսի վարորդից պահանջել է փոխադրամիջոցը  կանգնեցնել եւ սպառնում է ավտոբուսի մեջ բենզին լցնել:

Պարբերականը հայտնում է, որ տղամարդն արդեն ազատել է առնվազն 4 մարդու՝ 3 կնոջ եւ տղամարդու: Այս պահին հայտնի չէ, թե ավտոբուսի մեջ քանի մարդ է մնացել:

Globo պորտալն իր հերթին հայտնում է, որ հաջողվել է ազատել 5 մարդու, սակայն դեռեւս 17-ը մնում են պատանդված:

Իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ներառյալ ռազմական ոստիկանությունը տղամարդու հետ բանակցություններ են վարում, որի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն: Դեպքի վայր է ժամանել հատուկ նշանակության ստորաբաժանումը: