Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ներքին շուկայում Audi, Volkswagen եւ Porsche ընկերությունների ավտոմեքենաների մի շարք մոդելների իրացումն արգելելու մտադրության մասին՝ կապված մթնոլորտ արտանետումների նորմերի խախտումների հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի շրջակա միջավայրի նախարարության մամուլի հաղորդագրությունը:

Արգելքը կտարածվի դիզելային շարժիչով հագեցած ավտոմեքենաների վրա, մասնավորապես՝ 2014-2018 թվականների արտադրության Audi A6 40 TDI Quattro-ի, Audi A6 50 TDI Quattro-ի, Audi A7 50 TDI Quattro-ի, Volkswagen Touareg V6 3.0 TDI BMT-ի, Volkswagen Touareg 3.0 TDI 4 Motion-ի եւ Porsche Cayenne-ի:

Այս միջոցառումը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ մասնագետները պարզել են, որ ավտոարտադրողները միջամտել են արտանետումների հաղորդիչների աշխատանքին, ինչի հետեւանքով ցուցանիշները նվազեցվել են, իսկ ավտոմեքենաները ստացել են իրացման համար անհրաժեշտ լիցենզիան: Սակայն, ինչպես պարզվել է, իրականում ազոտի օքսիդի մթնոլորտ արտանետումների ծավալը 10 անգամ գերազանցել է հաստատված նորմերը:

Նշված մոդելների վաճառքի արգելքից բացի, նախարարությունը նախատեսում է նաեւ ավտոարտադրողներին տուգանել մինչեւ 6,5 մլն դոլարով եւ դատախազություն հայց ներկայացնել Հարավային Կորեայում ընկերությունների գործունեության հետաքննություն սկսելու համար: