Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էին նաեւ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը եւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բարձր է գնահատել ԱՄՀ-ի հետ ձեւավորված համագործակցության մակարդակը եւ կարեւորել Հիմնադրամի կողմից իրականացվող վերլուծություններն ու աջակցությունը: Փոխվարչապետը ընդգծել է, որ ԱՄՀ-ի հետ համագործակցության ծրագրում ներառված են բոլոր արդիական խնդիրները եւ հավաստիացրել, որ «Տնտեսական եւ ֆինանսական քաղաքականությունների» հուշագիրը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացվում են ժամանակացույցին համաձայն:

ԱՄՀ տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ հայտնել ԱՄՀ պատրաստակամությունը աջակցելու Հայաստանին բարեփոխումների իրականացման գործընթացում՝ հաշվի առնելով ԱՄՀ կուտակած փորձն ու գիտելիքները:

Մհեր Գրիգորյանն ու Ջիհադ Ազուրը քննարկել են բարեփոխումների երեք կարեւոր ուղղությունները՝ հարկային վարչարարության բարեփոխումները, կոռուպցիայի դեմ պայքարը եւ պետություն-մասնավոր գործընկերության զարգացումը՝ անդրադառնալով յուրաքանչյուր ուղղության հիմնական նպատակներին եւ իրականացման միջոցներին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկարաժամկետ ռազմավարությունների մշակման եւ տարածաշրջանային ծրագրերի իրականացման կարեւորության շուրջ: