Իշխանական հիմնական շեփորները՝ ընտանեկան թերթի գլխավորությամբ, դեսպան Մինասյանի հարցազրույցից ընկան քաոսի մեջ եւ խուճապահար սկսեցին հերքել Սերժ Սարգսյանի ձերբակալաության մասին կայացված քաղաքական որոշման լուրը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ էր, որ մեկ հարցազրույցից եւ մի քանի գրառումներից հետո իշխանական բուրգը երերաց: «Ամուլսար» օպերացիան մնաց առանց կողմնակի շեղող տեղեկատվական շոուների, ինչի հետեւանքները արդեն երկու օր է, ինչ տեսանելի են սոցիալական ցանցերում:

Ավաղ, ինչպես ասել եմ, սրանից լավ հոտ չի գալիս, եւ կանխատեսելի է, որ այդ առճակատումը չի սահմանափակվելու միայն համացանցով ու տեղափոխվելու է իրականություն՝ բախումներով, բռնությամբ եւ Աստված մի արասցե, արյամբ:

Հետեւելով, թե ինչ արագությամբ եւ սրությամբ են զարգանում իրադարձությունները Ամուլսարի հետ կապված՝ նորից կրկնում եմ, բռնեք Սերժին: Դա է ձեր միակ հնարավորությունը խուսափելու արյունից: Դուք ձեր ստերով, ապիկարությամբ եւ նենգությամբ մշտապես ամեն ինչ տարել եք արյան: 2018 թվականի ապրիլին Սերժ Սարգսյանն արդեն գնացել էր զոհոհության, եւ երկիրը չթաթախվեց իր սեփական քաղաքացիների արյան մեջ:

Հիմա էլ է նա ձեր միակ փրկօղակը կանխելու համար հնարավոր բախումներն ու բռնությունը:

Ձերբակալեք նրան, որ կրկին արյուն չթափվի: Սերժը սովոր է պետությանը հասցվող հարվածներն ընդունել իր վրա: Նա ուդառ պահող է: