Ամուլսարի հանքի շահագործման դեմ հանդես եկող բնապահպաններն ու քաղաքացիական ակտիվիստները հանրային քննարկում են անցկացնում Սարյան արձանի մոտի պուրակում:

Հիշեցնենք, որ նախօրեին նրանց թույլ չէին տվել հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, եւ նրանք ստիպված էին տեղափոխվել Սարյանի պուրակ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Նախօրեին Բաղրամյան 26-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անդամների, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների, Ջերմուկ համայնքի ավագանու անդամների, Գորայք, Զառիթափ, Ջերմուկ համայնքների բնակիչների, կրթական եւ առողջարանային հաստատությունների ներկայացուցիչների, բնապահպանների հետ քննարկել է Ամուլսարի հանքի շահագործման հարցը:

Միաժամանակ Բաղրամյան 26-ի դիմաց բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ավելի ուշ ցանկացել են հանրային քննարկում անցկացնել ԱԺ այգում, սակայն նրանց դա թույլ չեն տվել: Քաշքշոց է սկսվել ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ, կան բերման ենթարկվածներ:

Մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հայտարարել էին, որ ցուցարարների նկատմամբ ոչ համաչափ ուժ է կիրառվել: Ոստիկանությունը պնդում է, որ համաչափ ուժ է կիրառվել, քանի որ ցուցարարները հրաժարվել են ազատել Բաղրամյան պողոտան եւ դուրս գալ մայթ:

Նկատենք, որ այսօր Ամուլսարի հանք տանող ճանապարհը փակողների շարքերը ստվարացել էին, այնտեղ էին մեկնել նաեւ բնապահպաններ: