Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրին: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլյա Ուստյուգովան:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ առկա է արդյունավետ համագործակցություն, եւ կառավարությունը հետաքրքրված է դրա զարգացմամբ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը տարբեր ոլորտներում բարեփոխումների հավակնոտ օրակարգ ունի, եւ այդ գործընթացում միջազգային գործընկերների, այդ թվում՝ ԱՄՀ օժանդակությունը կարեւոր նշանակություն ունի:

ԱՄՀ Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը բարձր է գնահատել ՀՀ կառավարության հետ համագործակցությունը եւ ընդգծել, որ Հայաստանը հուսալի գործընկեր է ԱՄՀ համար: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է փոխշահավետ գործակցության շրջանակում աջակցել ՀՀ կառավարությանը՝ բարեփոխումները հաջողելու գործընթացում եւ երկրի տնտեսական առաջընթացին միտված ծրագրերում:

Վարչապետը, խոսելով ՀՀ տնտեսության առաջնահերթությունների մասին, նշել է, որ կառավարության նպատակը արտահանմանը միտված եւ տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսության ձեւավորումն է: Հյուրի խնդրանքով Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է տնտեսության կառուցվածքի փոփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական ոլորտի, պետական կառավարման համակարգի բարեփոխումների, ներդրումային միջավայրի բարելավման, ենթակառուցվածքների զարգացման եւ այլ ուղղություններով իրականացվող քայլերին ու միջոցառումներին: Ջիհադ Ազուրը նշել է, որ ԱՄՀ-ն սատարում է ՀՀ կառավարության՝ երկրի տնտեսությունը բարեփոխելու ջանքերին:

ՀՀ վարչապետը եւ ԱՄՀ  Միջին Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենը մտքեր են փոխանակել զարգացման երկարաժամկետ ռազմավարությունների տեսլականի շուրջ: