Օգոստոսի 17-ին, ժամը 03.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել «կրծքավանդակի, աջ ազդրի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ 29-ամյա, իսկ «կրծքավանդակի ձախ կեսի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ՝ 28-ամյա երկու երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ երիտասարդներն ի վիճակի չեն եղել բացատրություն տալու: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ օգոստոսի 17-ին, ժամը 02.30-ի սահմաններում, Քոչինյան փողոցում գտնվող ռեստորանային համալիրի մոտ երիտասարդներին սուր կտրող-ծակող առարկայով մարմնական վնասվածքները պատճառել է Երևանի 32-ամյա մի բնակիչ: Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ կասկածյալը օգոստոսի 19-ին, ժամը 19.00-ին, ներկայացել է ոստիկանության Նոր Նորքի բաժին, տվել խոստովանական ցուցմունք և ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: