Հայկական բնապահպանական ճակատը Սարյանի արձանի պուրակում  ժամը 19։00-ից հանիային քննարկում է սկսել՝ հստակեցնելու Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի գործողությունները։

ՀԲՃ ներկայացուցիչ Աննա Շահնազարյանը նշեց, որ ի նշան բողոքի տարբեր գործողություններ արդեն սկսվել են, որոշ մարդիկ պաշտոններից են հրաժարվում կամ պաշտոնյա լինելով՝ անհամաձայնություն հայտնում իշխանությանը, որոնք, ըստ նրա, քաղաքական հստակ ուղերձ պարունակող գործողություններ են։

«Սա ցույց է տալիս, որ դիմադրական շարժումը ավելանում է եւ մեծանում»,- ասաց բնապահպանը։

Աննա Շահնազարյանը տեղեկացրեց, որ դիմել են իրենց սատարող միջազգային կազմակերպություններին, եւ նրանք անմիջապես արձագանքել են ու որոշել ակցիաներ անցկացնել։

Քննարկման մասնակիցներին նա նաեւ ներկայացրեց ֆլեշմոբերի մի քանի տարբերակներ, որոնք իրականացնելու են առցանց հարթակում։ Հանրային քննարկման մասնակիցները որոշեցին Ամուլսարի խնդրով հաճախակի ուղերձներ տեղադրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի էջում, «tag» անել Փաշինյանին նույն խնդրով գրառումներում։

Հավաքի մասնակիցներից Գայանե Շագոյանը առաջարկեց խնդիրը տեսանելի դարձնել նաեւ ֆեյսբուքից դուրս, որպեսզի «ամեն առավոտ Փաշինյանը, պատգամավորները գործի գնալուց տեսնեն միայնակ մարդու կազմակերպած պիկետ, կանաչ լուսյի տակ անցուդարձ անող մարդկանց շարան, նաեւ հեղափոխության կոչերն օգտագործվեն այս կոնտեքստում»։

Մասնակիցներից Վահրամ Սարգսյանն առաջարկեց ավելի կտրուկ միջոցների դիմել՝ երկու շաբաթ ժամանակ տալ կառավարությանը, եւ եթե Ամուլսարի շահագրծումը չարգելվի, թույլ չտալ զբոսաշրջիկներին այցելելու Ջերմուկ քաղաք եւ Սեւանա լիճ։ Ըստ մասնակցի՝ տնտեսական այդ վնասները կստիպեն, որ շատերը միանան պայքարին։

Աննա Շահնազարյանը ՀԲՃ-ի անունից առաջարկեց Ամուլսարի գործով ձեռք բերված ցուցմունքները ներկայացնել հանրային հավաքների ժամանակ եւ բացահայտել այդ քրեական գործի մանրամասները։

Հավաքի վերջում հայտարարվեց, որ այսօրվա առաջարկները ի մի կբերվեն եւ կներկայացվեն ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջում, նշվեց նաեւ, որ Սարյանի արձանի պուրակումմ հանրային հավաքներ կկազմակերպվեն ամեն օր՝ նույն ժամին՝ 19։00-ին։