Toyota ընկերությունը գաղտնազերծել է Majesty անվանված նոր մինիվենը: Ավտոմեքենայի պաշտոնական պրեմիերան տեղի է ունեցել Թաիլանդում: Նորույթը Toyota Hiace միկրոավտոբուսի շքեղ մոդիֆիկացիան է: Գնելու համար հասանելի կլինի Majesty ընդամենը 3 լրակազմ՝ Standard, Premium եւ Grande, փոխանցում է Autonews-ը:

Ավտոմեքենան ունի ռադիատորի նոր քրոմապատ ճաղավանդակ, լուսադիոդային օպտիկա, շարժական դռներ եւ նոր բամփերներ: Toyota Majesty-ում կա 4 շարքով 10 նստատեղ՝ հատուկ հարմարավետության 2 բազկաթոռով: Ունի անվտանգության 9 բարձիկ, 7 USB, 4,2 դյույմ գունավոր դիսփլեյ, պրեմիումային աուդիոհամակարգ՝ 12 բարձրախոսներով, սրահի ամբողջ երկարությամբ վարագույրներ եւ կաշվե պաստառով բազկաթոռներ: Սրահի հատակին խավոտ ծածկույթ է:

Վարորդին հասանելի են կույր գոտիների մոնիթորինգի համակարգը, վթարային արգելակման գործառույթը, կայանելիս օգնության համակարգը եւ երթեւեկության շերտում պահելու համակարգը:

Մինիվենն ունի 2,8-լիտրանոց դիզելային տուրբոշարժիչ: Հզորությունը կազմում է 163 ձ.ու., պտտման պահը՝ 420 Նմ: Շարժիչը գործում է 6-աստիճանի ավտոմատ փոխանցման տուփի հետ համատեղ: Շարժահաղորդակը բացառապես հետին է: