Վարչապետն ապատեղեկացված է եւ Ամուլսարի հարցով իրավիճակին չի տիրապետում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 20–ին, Ջերմուկում հրավիրված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանն՝ անդրադառնալով երեկ Բաղրամյան 26–ում տեղի ունեցած քննարկմանը, որին մասնակցել էր նաեւ ինքը։

Ըստ նրա՝ երեկ քննարկմանը պարզ դարձավ, որ որոշ կարեւոր հարցեր ուսումնասիրված չեն. «երբ ես՝ որպես բնակիչ, հարց տվեցի նրան, թե ինքը պատասխանատո՞ւ է կամ ինչ որ երաշխիք տալի՞ս է այս մարդկանց, նկատի ունենալով այնտեղ ներկա առողջարանների եւ հյուրանոցների տերերին։ Կա՞ ինչ որ երաշխիք, որ այս մարդկանց բիզնեսները չեն տուժելու եւ աշխատատեղեր չեն փակվելու Ամուլսարում հանք շահագործելու դեպքում, վարչապետն այդ ժամանակ նորից քննչականի պետին հարց ուղղեց, թե մենք այդ ուղղությամբ ստուգում արե՞լ ենք, թե՞ չէ»,– ասաց Բունիաթյանը։

Նա պատմեց, որ առողջարաններից մեկի սեփականատերն ասել է, որ ոչ մի հանդիպում չի եղել իր հետ, եւ չեն գնահատվել Ջերմուկ առողջարանային ոլորտի քաղաքի վրա ռիսկերը, ինչին հաջորդել է վարչապետի հարցը. «Դրանից հետո նա ասում է՝ ինչո՞ւ չէիք պայքարում մի քանի տարի առաջ։ Տվյալ դեպքում մենք գտնում ենք, որ նա ինֆորմացիային չի տիրապետում, որովհետեւ մենք բոլորս էլ գիտենք, որ պայքար միշտ էլ եղել է, ուղղակի դրանց չափերն են տարբեր եղել տարբեր ժամանակներում»։

Բունիաթյանի խոսքով՝ չնայած ստեղծված իրավիճակին՝ պետք է հավատալ, որ չի կայացվելու հակաժողովրդավարական որոշում, բայց միաժամանակ պատրաստ լինել ցանկացած սցենարի։

«Ամուլսարի հարցում մենք ի սկզբանե ընտրել ենք պայքարի խաղաղ ձեւը, պետք է դուրս չգանք այդ ֆորմատից, քանի որ հաղթանակը դրա մեջ է, եւ պետք է չտրվենք սադրանքների»,– ասաց նա։

Քննարկամնը ներկա էին նաեւ Ջերմուկի ավագանու անդամները, որոնք դեմ արտահայտվեցին հանքի շահագործմանը։

«Ճիշտն ասած՝ հիմա ինչ էլ ասենք, կրկնվելու ենք, ավագանու բոլոր անդամները դեմ են հանքի շահագործմանը։ Ավագանու անդամները մասնագիտությամբ իրավաբաններ չեն, մասնագետներ չեն, բայց միշտ ժողովրդի հետ են եղել, եւ սկսած ստորագրահավաքից, տարբեր միջոցառումներից ավագանին միշտ աջակցել է ժողովրդին»,– ասաց ավագանու անդամներից մեկը՝ պատրաստակամություն հայտնելով ավագանու լիազորությունների սահմանում անել ամեն բան, որպեսզի հանքի շահագործումն արգելվի։