ՌԴ ՔԿ աշխատակիցները Խաչատուրյան քույրերի փաստաբաններին են հանձնել նրանց հոր դեմ քրեական գործ հարուցելու մերժման մասին վճիռը, որում ասվում է, որ հայրը խոշտանգել եւ բռնության է ենթարկել աղջիկներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով քույրերից մեկի պաշտպան Սերգեյ Պարշինին:

«ՌԴ Քննչական կոմիտեի հետաքննությունն ապացուցել է Խաչատուրյան քույրերի ցուցմունքի ճշմարտացիությունը: ՔԿ աշխատակիցները պաշտոնապես վճիռը հանձնել են փաստաբաններին, որում նշվում են աղջիկների նկատմամբ բարոյական եւ սեռական բռնության փաստերը: Իսկ մերժման պատճառը պարզ է. մեղադրյալը մահացած է: Խաչատուրյան քույրերի պաշտպանները հույս ունեն, որ փաստերը կօգնեն ապացուցել, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանության անհրաժեշտության շրջանակում, եւ նրանց դեմ քրեական հետապնդումը կդադարեցվի»,- ասել է նա:  

Նա հիշեցրել է, որ 2019թ. մայիսին Խաչատուրյան քույրերն իրենց հոր դեմ քրեական գործ հարուցելու մասին դիմում են գրել: Նախաքննական ստուգումն անցկացվել է ՌԴ ՔՕ 117, 132, 133 հոդվածներով (խոշտանգում, սեռական բնույթի բռնի գործողություններ եւ սեռական բնույթի գործողությունների պարտադրանք):

Հիշեցնենք, որ 2018թ. հուլիսի 27-ի երեկոյան Մոսկվայի Ալտուֆեւյան խճուղու տան մուտքում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի՝ պարանոցի ու կրծքավանդակի բազմաթիվ կտրող-ծակող վնասվածքներով։ Քննության տվյալներով՝ նրան սպանել են երեք քույրերը անձնական թշնամանքի պատճառով, նրանց մեղադրանք է ներկայացվել։

Անցած տարվա սեպտեմբերին մայրաքաղաքի Բասմանյան դատարանը ազատ է արձակել երեք քույրերին քննչական մեկուսարանից, որտեղ նրանք անցկացրել էին երկու ամիս՝ բավարարելով նրանց խափանման միջոցը փոխելու քննչական մարմնի միջամտությունը։