Ամուլսարի շահագործման առնչությամբ վերջին օրերին ծավալվող հանրային լարվածության պատճառը գործող իշխանությունների հակասական հայտարարություններն են, չկշռադատված գործողությունները, ինչպես նաեւ խնդրի շուրջ հասարակության լայն շրջանակներում ձեւավորված մեծ սպասումներին համարժեք քայլերի բացակայությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Առաջնահերթություն համարելով ազգային եւ պետական շահը, հանրային համերաշխությունը, բնական պաշարների անվտանգ շահագործումը, շրջակա միջավայրի կենսաբազմազանության պահպանումն ու երկրի կայուն զարգացումը՝

-ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը խիստ մտահոգիչ է համարում այն իրողությունը, որ հրապարակված եզրակացությունները բավարար համոզում եւ վստահություն չեն ներշնչում ինչպես հանրային, այնպես էլ մասնագիտական շրջանակներում։

-Իշխանություններին կոչ ենք անում հրապարակված մասնագիտական եզրակացությունը չդիտարկել որպես հանքի շահագործման վերջնական հիմնավորում։

Կարեւորելով խնդրի հանրային հնչեղությունը, երկրի սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական հեռանկարի վրա վերջինիս հնարավոր լրջագույն ազդեցությունն ու ռիսկերը, նպատակահարմար ենք գտնում՝

-հանրային եւ մասնագիտական լրացուցիչ քննարկումների արդյունքում հասնել համոզիչ լուծումների,

-վերականգնել առողջ երկխոսությունը մասնագիտական փորձագիտական շրջանակների հետ,

– հանրաքվեի ճանապարհով հասնել պետության շահերից բխող եւ հանրության կողմից ընդունելի որոշման։