Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ դեռեւս օգոստոսի 20-ի առավոտյան բռնկված հրդեհը դեռ չի մարվել:

Նախ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ եւ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 150 հա խոտածածկույթ:

Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ եւ յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա Գյուղից 30, Զորավանի գյուղից 20 եւ Եղվարդի քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերի 20 բնակիչ եւ անտառտնտեսության 18 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:

Ժամը 09:50-ին Զորավան գյուղի գերեզմանատնից դեպի Արայի լեռ տանող հատվածում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ:

Նշենք, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը գիշերը Facebook-ի իր էջում հայտնել էր, որ հրդեհը գրեթե մարված է, շուտով ամբողջությամբ կմարվի։ «Այս ընթացքում հրդեհի երկու օջախ էլ բռնկվեց Սաղմոսավանում, որոնք նույնպես հանգցվել են»,-նշել է նա: