Սպասվում է, որ միջոցառմանը կմասնակցեն մոտ 70 բայքերներ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Իրանից, ԱՄՆ-ից, Չեխիայից եւ այլ երկրներից: Օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Biker zone. Արմենիա» կազմակերպության նախագահ Արտակ Ռշտունին, որը պատմեց օգոստոսի 23-ին մեկնարկող «Լեռների զարկերակը» առաջին միջազգային բայքերական փառատոնի մասին:

Ռշտունին, մասնավորապես, հայտնեց, որ օգոստոսի 23-ին փառատոնի բոլոր մասնակիցները առավոտյան 10-ին կհավաքվեն Երեւանի Շահումյանի հրապարակում եւ կուղեւորվեն Բուժական: «Մեծ թվով մարդ կհավաքվի: Նրանք արդեն ճանապարհին են»,- նշեց Ռշտունին՝ հավելելով, որ նրանք մոտոշարասյունով կանցնեն քաղաքով:

Ընդ որում՝ նա նշեց, թե հստակ չէ՝ ինչ ձեւաչափով են մասնակցելու Իրանից բայքերները: «Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն խաղեր եւ տարբեր կարգի միջոցառումներ: Փառատոնի ժամանակ մրցույթներ չեն կազմակերպվի»,- ասաց «Biker zone. Արմենիա» կազմակերպության նախագահը:

Փառատոնի նպատակն է Հայաստանում մոտոտուրիզմի զարգացումը: «Սա առիթ է՝ Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս ապրող մարդկանց ըստ հետաքրքրության հավաքելու համար: Մեզ կարող են միանալ նաեւ հեծանվորդները եւ նույնիսկ ավտովարորդները»,- հավելեց Արտակ Ռշտունին՝ նշելով, որ փառատոնը կդառնա ամենամյա:

Նրա հավաստիացմամբ՝ փառատոնը որեւէ քաղաքական ուղղվածություն չունի, կտեւի 3 օր եւ 4 գիշեր: Կհնչեն ռոք եւ մետալ: Ունկնդիրների համար երաժշտությունը կկատարեն Հայաստանից ռոք երաժիշտներ եւ դիջեյներ: «Մենք ակնկալում ենք ընդունել ավելի քան 1000 մարդու: Կլինեն ուղեկցողներ, որոնք կպատմեն Հայաստանի եւ տվյալ տարածքի տեսարժան վայրերի մասին: 4 օրվա տոմսի արժեքն է 8 հազար դրամ: Ճամբարում մնալու օրն արդեն կարժենա 4 հազար դրամ»,- եզրափակեց «Biker zone. Армения» կազմակերպության նախագահը: