«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ առաջ վերադառնալով խորհրդակցական սենյակից, որոշում կայացրեց մերժել գործով ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ անազատության հետ չկապված այլ խափանման միջոց ընտրելու վերաբերյալ  նրա պաշտպան Մուշեղ Շուշանյանի միջնորդությունը։ Ավելի վաղ գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանն առարկել էր ներկայացված միջնորդության դեմ՝ նշելով, որ խափաման միջոցը փոխելու անհրաժաշտությա վերաբերյալ պաշտպանները նոր հանգամանքներ չեն նշել։

Միջնորդության դեմ առարկեցին նաև գործով տուժողների իրավահաջորդները։

Մասնավորապես ՊՊԾ գնդի տարածքից դուրս հրազենային վիրավորում ստացած և օրեր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Յուրի Տեփանոսյանի այրին՝ Արփինե Թումասյանն ասաց.

«Սմբատ Բարսեղյանն իրավունք չունի արևի երես տեսնելու»։

Նշենք, որ ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին։

Այսպիսով այսօրվա դատական նիստն ավարտվեց. հաջորդ նիստում կհետազոտվեն գործում առկա իրեղեն ապացույցները։

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։