UC Berkeley-ի սթարթափերի ֆլագմանային աքսելերատոր Berkeley SkyDeck-ի գործադիր տնօրեն Քերոլայն Ուինեթը կլինի Երեւանում անցկացվող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի (WCIT 2019) մոդերատորը: Այս մասին WCIT 2019-ը հայտնել է ֆեյսբուքյան էջում: 

Աղբյուրի համաձայն՝ Ուինեթը համաժողովի մասնակիցների հետ կքննարկի տեղեկատվական եւ հաղորդակցային տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացն ու խնդիրները:

Հիշեցնենք, որ WCIT 2019 ՏՏ համաշխարհային համաժողովը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) կազմակերպած եւ ՀՀ կառավարության աջակցությունը ստացած համաշխարհային մասշտաբի միջոցառմանը մասնակցելու են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի փորձագետներ, պաշտոնատար անձինք եւ առաջատար ՏՏ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ:  Համաժողովի կազմակերպական աշխատանքները կատարում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։