Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է իռլանդական «RyanAir» ավիաընկերության գլխավոր կոմերցիոն տնօրեն Դեյվիդ Օ’Բրայընին եւ ուղղությունների զարգացման գծով ղեկավար Քեյթ Շերիին:

Վարչապետը նշել է, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունը հայտարարել է առաջնահերթություն, ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի, եւ այս համատեքստում կարեւոր քայլերից է քաղաքացիական ավիացիայի զարգացումը:  Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ գործադիրը կարեւորում է ՀՀ ավիացիոն շուկայում այս բնագավառը ներկայացնող առաջատար ընկերությունների ներգրավումը, եւ «RyanAir»-ի ներկայացուցիչների հետ հանդիպումը լավ առիթ է՝ համագործակցության հնարավորությունները քննարկելու համար:

«RyanAir»-ի գլխավոր կոմերցիոն տնօրենը նշել է, որ ընկերությունը մտադրություն ունի առաջիկայում մուտք գործել հայկական ավիաշուկա, եւ Քաղավիացիայի կոմիտեի, «Զվարթնոց» օդանավակայանի հետ ներկայում քննարկումներ են ընթանում այդ գործընթացի շուրջ: Նա ներկայացրել է մեր երկրում գործունեություն ծավալելու տեսլականը՝ խոսելով Հայաստանից նոր ուղղություններով չվերթների, սակագնային քաղաքականության եւ այլ հարցերի շուրջ:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ավիաընկերության՝ Հայաստան մուտք գործելու մտադրությունը, կառավարության պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցել այդ գործընթացին: Կառավարության ղեկավարն առաջարկել է շարունակել համատեղ աշխատանքը՝ փոխշահավետ համագործակցության կոնկրետ տարբերակի շուրջ: