Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանն աշխատանքային հերթական այցն է կատարել Գյումրիում ԱՏԳ սպասարկման կենտրոնի համար նախատեսված տարածք` հետեւելու իրականացվող աշխատանքների ընթացքին: Նրա գլխավորած աշխատանքային խումբը ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գեւորգյանի, նախագահի տեղակալներ Շուշանիկ Ներսիսյանի եւ Միքայել Փաշայանի, ՊԵԿ նախագահի խորհրդական Արամ Թանանյանի, ինչպես նաեւ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ միասին շրջել են տարածքում, որտեղ առաջնային տեղափոխվելու է ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումներին առնչվող գործառույթը: Նրանք դիտարկել են աշխատանքային գործընթացը եւ արձանագրել նախորդ այցից հետո կատարված առաջընթացը:

Կոմիտեի ղեկավարը զրուցել է շինարարական աշխատանքները համակարգող անձնակազմի հետ, քննարկել նախագծի համաձայն ապագա կենտրոնի արդյունավետ գործարկման մանրամասները: Դավիթ Անանյանն ընդգծել է նախագծի առաջին փուլը ժամանակին իրագործելու կարեւորությունը` հաշվի առնելով, որ տարածաշրջանում ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների մասնագետներ պատրաստելու դասընթացն արդեն մեկնարկել է:

Ավտոմեքենաների մաքսային ձեւակերպումների համար նախատեսված կառույցը սահմանված ժամկետում շահագործման հանձնելու նպատակով Դավիթ Անանյանը հանձնարարարել է ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունն ու բարձր որակը եւ հետեւողական լինել ընթացիկ խնդիրների լուծման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ` ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության արդիականացման ծրագրի շրջանակում աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով: Աշխատանքային խումբը գլխավորող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը յուրաքանչյուր շաբաթ կառավարության ղեկավարին է ներկայացնում տեղեկատվություն՝ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ: