Կառավարությունը գնում է Ամուլսարը շահագործելու քայլին, քանի որ ձախողել է տնտեսական հեղափոխությունը եւ հանքի շահագործմամբ փորձելու է մինչեւ տարեվերջ ցույց տալ, որ ներդրումներ կան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Կարծում եմ՝ կառավարությունը մի քիչ վախեցած է միջազգային դոնորներից ու արբիտրաժային դատարանի սպասվելիք ընթացակարգերից, որոնք, որոշ իրավաբանների պնդմամբ, հիմնավոր էլ չեն, եւ եթե Կառավարությունը լավ պատրաստված լիներ, չէր մտահոգվի:

Նախ՝ անդրադառնանք վարչապետի նախկին հայտարարություններին: Նա պնդում էր, որ որեւէ որոշում չի կայացվի, քանի դեռ չկա արժանահավատ տեղեկություն, որ հանքի շահագործումը շրջակա միջավայրին վնաս չի հասցնելու, բայց այդպիսի հետազոտություն չի արվել:

Մենք արդեն բազմաթիվ լրջագույն բնապահպանական խնդիրներ ունենք շահագործված հանքերի հետ կապված, որոնք մեծ վնասներ են հասցրել բնությանն ու մարդկանց առողջությանը Լոռիում ու Սյունիքում։ Ոռոգման ջրի մեջ ծանր մետաղների առկայությունը վտանգում է գյուղատնտեսական մթերքների արտադրությունը։

Հանքերում աշխատող բոլոր քաղաքացիներն ունեն առողջական խնդիրներ:

Մենք այս ամենի հետեւանքով նաեւ միջազգային սկանդալների առջեւ ենք կանգնելու, քանի որ Թեղուտի արտանետումները լցվում են Դեբեդ գետը, իսկ դա մեծ վտանգներ է առաջացնելու, եթե մեր հարեւանները սկսեն բողոքել: