Այսօր բավական ակտիվ գրառումներ են արել տարբեր պաշտոնյաներ եւ շատ վրդովվեցնող է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շատ ակտիվորեն լծված է «Լիդիան» ընկերության օգտին տարբեր գրառումեր անելով։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21–ին, Սարյանի պուրակում հանրային քննարկման ժամանակ ասաց բնապահպան Աննա Շահմազարյանը։

Նա պնդեց, որ եթե Ամուլսարը որպես հանք շահագործվի ջրերի աղտոտում է լինելու․ «Կարծես թե կառավարության ներսում ընկերության փաստարկներով շահարկվում է ջրերի մաքրման մեթոդաբանությունը։ Շատ մեծ տարբերություն կա ջրերի ակտիվ եւ պասիվ մաքրման եղանակների միջեւ։ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը շահագործելու դեպքում միանշանակ, դա նույնիսկ ընկերությունն է ընդունում, լինելու է ջրերի աղտոտում, եւ ըստ ընկերության՝ իրենք պատրաստվում են դա պասիվ եղանակով մաքրել»։