Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հիմքեր չի տեսնում Սոլսբերիում, Ուկրաինայում եւ այլ վայրերում Ռուսաստանի «սադրանքից» հետո G8 ձեւաչափի վերականգնման համար, հաղորդում է Reuters-ը:

«Ինչ վերաբերում է Ռուսաստանին եւ G7-ին, ես գիտեմ G7-ում Ռուսաստանի վերաինտեգրման հարցով քայլերի մասին: Հաշվի առնելով այն, թե ինչ տեղի ունեցավ Սոլսբերիում, հաշվի առնելով բրիտանական հողի վրա քիմիական զենքի կիրառումը, շարունակվող անկայունությունը, քաղաքացիական պատերազմը, Ուկրաինայի պատերազմը, ինչպես նաեւ այլ վայրերում Ռուսաստանի սադրանքը, ես համաձայն եմ կանցլեր Մերկելի հետ եւ կարծում եմ, որ շատ անելիքներ կան նախքան G7-ի կազմում Ռուսաստանի վերադարձը»,- ասել է նա Բեռլինում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:   

Մերկելի խոսքով՝ Ռուսաստանը հեռացվել է ձեւաչափից որոշ պատճառներով.

«Կա, հավանաբար, թեթեւ տեղաշարժ մինսկյան գործընթացում: Եթե մենք իսկապես առաջ գնայինք, ապա նոր իրավիճակ կունենայինք: Այսօրվա դրությամբ պետք է ասեմ, որ մենք այդքան էլ առաջ չենք գնացել, որպեսզի ես կարողանամ ասել, որ 2014թ. պատճառներն այլեւս չկան: Մենք՝ Եվրոպան, Գերմանիան եւ Ֆրանսիան, պետք է ուժ գործադրենք Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին՝ առաջընթացի հասնելու համար: Եվ հենց այդ առաջընթացով կգնահատենք G8-ի վերականգնումը»:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որն առաջարկել էր 2020թ. Ռուսաստանին հրավիրել G7-ի գագաթնաժողովին: Ակնկալվում է, որ Թրամփն այդ հարցը կբարձրացնի Բիարիցում G7-Iի գագաթնաժողովի շրջանակում: ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թրամփի եւ Մակրոնի գաղափարը, հայտնել էր, որ հայտնի են միայն 2 երկրների կարծիքը, եւ անհրաժեշտ է իմանալ նման հեռանկարների մասին մյուսների կարծիքը: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն, իր հերթին, հայտարարել էր, որ Ռուսաստանը G7-ի հետ ցանկացած կոնտակտ օգտակար է համարում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: