ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքը «ընտրվել է» Չինաստանի հետ առեւտրային պատերազմի համար:

«Ես ընտրյալ եմ»,- Սպիտակ տան մոտ՝ նայելով երկնքին, լրագրողներին ասել է Թրամփը:

«Ինչ-որ մեկը պետք է դա աներ… Ինչ-որ մեկն ասել է, որ դա Թրամփի առեւտրային պատերազմն է: Դա իմ առեւտրային պատերազմը չէ: Դա առեւտրային պատերազմ է, որը պետք է վաղուց սկսեին այլ նախագահները»,- նշել է նա:  

Նրա խոսքով՝ վերջին 5 կամ 6 տարվա ընթացքում Չինաստանը 500 մլրդ դոլար է վաստակել՝ «պոկելով դրանք ԱՄՆ-ից»:

«Եվ ոչ միայն դա, եթե նայեք ինտելեկտուալ սեփականության գողությանը: Եվ դրան գումարած շատ այլ բաներ: Այնպես որ, ինչ-որ մեկը պետք է դա աներ: Ես ընտրվել եմ: Եվ գիտե՞ք՝ ինչ, մենք կհաղթենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: