Մադրիդում կալանավորվել է տղամարդ, որը հասարակական վայրերում տեսանկարել է ավելի քան 550 կանանց ներքնաշորերը՝ «նայելով» նրանց կիսաշրջազգեստի տակ եւ իր տեսանյութերը տարածել է համացանցում, փոխանցում է BBC News-ը: 

53-ամյա կոլումբիացին տեսագրությունները կատարել է բջջային հեռախոսով, որը թացնում էր իր ուսապայուսակում:

Ոստիկանությունից հայտնել են, որ նա նվազագույնը 283 տեսագրություն հրապարակել է պոռնոկայքերում:

Զոհերի մեծ մասն անչափահաս աղջիկներ են, որոնց նա տեսանկարել է մետրոյում:

Ոստիկանությունը սկսել է կասկածյալին հետեւել եւ կալանավորել է այն պահին, երբ պատրաստվում էր տեսանկարել հերթական զոհին:

«Upskirting» տերմինը համեմատաբար վերջերս է հայտնվել: Դա կիսաշրջազգեստով կանանց ներքնաշորերի ապօրինի տեսագրությունն է, որն իրականացվում է հասարակական վայրերում՝ առանց զոհի գիտության: Անգլիայում եւ Ուելսում այս գործողությունները համարվում են սեքսուալ բնույթի հանցագործություն: