Բրիտանական Channel 4-ը Վլադիմիր Պուտինի մասին 3-սերիանոց փաստագրական ֆիլմ է նկարահանում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով հեռուստաալիքի կայքը:

«Հասկանալու համար, թե աշխարհում ինչ է տեղի ունենում հենց հիմա, պետք է հասկանալ Վլադիմիր Պուտինին: Պուտինն իր դիմացկունությունը ցուցադրել է որպես XXI դարի ամենանշանավոր քաղաքական գործիչ: Այս բազմասերիանոց ֆիլմը կպատմի այն մասին, թե նա, լինելով նախկին հետախույզ, ինչպես է նորովի սահմանել քաղաքականությունը եւ ինչպիսի ազդեցություն է ունեցել ամբողջ աշխարհի վրա»,- ասել է ժապավենի գործադիր պրոդյուսեր Ջեյմս Ռոգանը:

Ֆիլմի հեղինակները նախատեսում են օգտագործել արխիվային նյութեր եւ ներառել հարցազրույցներ նախագհի մերձավոր մարդկանց եւ «նրանց հետ, ում նրա գործողություններն ամենից շատ են առնչվել»: Նրանք նաեւ հստակեցրել են, որ «ֆիլմը կպատմի, թե ինչպես է Պուտինի անձնական փորձը ազդել նրա քաղաքականության վրա, ինչպես է ժամանակակից Ռուսաստանը ստեղծվել դավաճանության, հպարտության ու չարության սրված զգացման վրա եւ ինչպես են Պուտինի արժեքները արտահանվել աշխարհի տարբեր հատվածներ՝ Ղրիմից մինչեւ Սոլսբերի ու Վաշինգտոն»:

Նկարահանումները կկատարվեն, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում եւ Մեծ Բրիտանիայում: