Հայաստանի տարբեր մարզերի 27 քաղաքներում հաջորդ տարի կունենանք 30 նոր շենք: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, որ, եթե դա իրականություն դառնա, շատ լավ կլինի. «Որովհետեւ մենք անընդհատ ասում ենք համաչափ զարգացում, բայց քանի որ եկամտային հարկի վերադարձի ծրագիրն աշխատում է միայն առաջնային շուկայի վրա, իսկ մարզերում առաջնային շուկա չկա այս պահի դրությամբ, մարզում լավ աշխատավարձ ստացող մեր հայրենակիցներն ուզում են այս շանսից օգտվել եւ բնակարան են ձեռք բերում Երեւանում՝ ընդ որում չուզենալով: Այսինքն ասում են, եթե կա այս հնարավորությունն, ինչի՞ չօգտվել: Նրանք երեւի մտադիր են հետագայում վաճառել այդ բնակարանն ու գնալ մարզում բնակարան գնել»:

Վերմիշյանը նկատեց, որ մասնավոր այս ծրագրերի հեղիանկները մասնավոր ընկերություններ են, որոնց մեծ մասն ուղարկել է առաջարկությունները, մնացածն էլ քննարկման փուլում են. «Ներդրողները կան»: