Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությանը մեղադրել է զանգվածային հրդեհների մեջ, որոնք ընդգրկել են Ամազոնի արեւադարձային անտառները, հայտնում է The Guardian-ը: 

Բոլսոնարուի կարծիքով՝ հրդեհները կազմակերպել են շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունները՝ իր կառավարությանը «խայտառակելու» նպատակով:

«Ինչ վերաբերում է Ամազոնի հրդեհներին, ինչն, իմ կարծիքով, կարող էր նախաձեռնված լինել շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպությունների կողմից, որովհետեւ նրանք փող են կորցրել, ո՞րն է նրանց նպատակը: Բրազիլիայի համար խնդիրներ ստեղծելը»,- հայտարարել է Բոլսոնարուն՝ չներկայացնելով, սակայն, ոչ մի ապացույց, որը կվկայեր իր ենթադրությունների օգտին:

Ավելի վաղ Բրազիլիայի Տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը տվյալներ էր ներկայացրել, որոնց համաձայն Ամազոնի խոնավ արեւադարձային անտառներում գրանցվել են ռեկորդային թվով հրդեհներ:

Ըստ հետազոտության արդյունքների՝ այս տարի 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ Ամազոնի անձեռնմխելի անտառներում հրդեհների թիվը 83 տոկոսով մեծացել է: