ԱՀ նախագահի հետ քննարկել են մի շարք հարցեր, որոնք վերաբերում են Արցախի ընդերքօգտագործման ոլորտին: Այս մասին, Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուսաստանաբնակ ճանաչված երկրաբան Սերգեյ Վարդանյանը:

Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ԱՀ-ում կան շատ չուսումնասիրված հանքեր: Ժամանակն է, որ այդ հանքավայրերը հայտնաբերվեն եւ վերամշակվեն, արդյունքում՝ կստեղծվեն նոր աշխատատեղեր, երկիրն էլ տնտեսապես կհզորանա: «Այդ ոլորտում Արցախում մեծ ներդրում ունի ԱՀ երկրաբան Գրիգորի Գաբրիելյանցը, ով շատ կարճ ժամանակահատվածում ստեղծել է երկրաբանական ծառայություն՝ ձեռք բերելով հաջողություններ, մասնավորապես, Կաշենի պղնձի հանքավայրում»,-մասնավորապես ասել է Վարդանյանը:

Նշենք, որ Ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար Նախագահը «Անանիա Շիրակացի» մեդալ է հանձնել Սերգեյ Վարդանյանին, որը, ըստ մեր զրուցակցի, իր համար եղել է անսպասելի անակնկալ: Խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Վարդանյանն ասել է նաեւ, որ ինքը շարունակելու է համապատասխան մասնագետներ ներգրավել Արցախի ընդերքօգտագործման ոլորտի զարգացման գործում: