Պետական պարտքի դիմանիկան մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ ռիսկերը կառավարելի են. մենք չունենք չկանխատեսված կամ անկանխատեսելի բացասական փոփոխություն: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք ամեն ամիս, ամիսն ավարտվելուց հետո 5-օրյա ժամկետում հրապարակում ենք ազդագիրը, որտեղ կարող եք տեսնել, որ տարվա ընթացքում պարտքը ունենում է եւ ավելացում եւ նվազում՝ թե ներքին, թե արտաքին պարտքի մասով: Մեր կանխատեսմամբ, մենք գտնվում ենք այնպիսի վիճակում, որ տարեկան մեր կանխատեսումները պարտքի զարգացման տեսակետից, որոնք նաեւ ամրագրված են հարկաբյուջետային կանոնների  կիրառմամբ, թույլ են տալիս պարտքի բեռի չկառավարվող աճի մասին չխոսել»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, ենթադրվում է, որ պարտքը անվանական արտահայտությամբ կաճի. «Բայց դա չի նշանակում, որ պարտք/ՀՆԱ հարաբերակցության աճ ենք կանխատեսում»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ կառավարությունը մտադիր է աստիճանաբար նվազեցնել պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը եւ տեղավորել 50 տոկոսից ցածր մակարդակում:

Ջանջուղազյանը հիշեցրեց, որ 2020 թվականին առաջին թողարկման եվրապարտատոմսերի մարման առաջին տարին է, որը տեղի է ունեցել 2013 թվականին. «Մի քիչ ծանրացված է գնահատականը, որ 020 թվականը ծանր է լինելու պարտքի սպասարկան առումով, որովհետեւ եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման հնարավորություններն առկա են եւ եմնք դրանք կիրացնենք հաջողությամբ: 2020 թվականը շատ չի տարբերվի 2019-ից կամ 2018-ից պարտքի բեռի տեսակետից»,-ընդգծեց նա: