ԱՄՆ-ի հետ մենք բավականին ակտիվ զարգացող հարաբերություններ ունենք: Մենք հանդիպումներ չենք ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի հետ, սակայն դրա հետեւանքով երկխոսությունը չի թուլացել եւ նույնիսկ ակտիվացել է: Օգոստոսի 22-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մեկնաբանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ առաջիկա այցը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում գործում է «հատուկ համակարգ»՝ բավականին բարդ կառուցվածքով: «Եվ երբ Թրամփի կամ Պոմպեոյի հետ հանդիպման համար հարմար պահ լինի, այն անպայման տեղի կունենա: Այն մեր օրակարգում է, եւ սխալ պնդում է, երբ ասում են, որ մեզ չի հաջողվում այդ հանդիպումները կազմակերպել»,- հավաստիացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը: