Պետական բյուջեի եկամուտների կանխատեսումը չի կատարվում ըստ առանձին վերցրած կազմակերպությունների. այն կատարվում է հիմք ընդունելով վիճակագրությունը եւ մակրոցուցանիշները: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ բյուջեի վրա, եթե Ամուլսարի հանքը չշահագործվի:

Նրա խոսքով, առանձին վերցրած որեւէ կազմակերպության ազդեցության վերաբերյալ դատողությունը տեղին չէ. «Իսկ թե ինչ չափով կարող է ազդեցություն ունենալ, նույն չափով, ինչ չափով դրական ազդեցություն կունենար աշխատելու դեպքում: Նույն չափով պակաս կլինի ազդեցությունը չաշխատելու դեպքում:

Եթե նկատի ունեք՝ արդյոք բյուջեից կամ մակրո կանխատեսումներից շեղման ռիսկ կա, թե ոչ, մեր կարծիքով ոչ»,-ասաց նա:

Ջանջուղազյանը նշեց, որ ամեն մի դրական տեղաշարժ տնտեսության մեջ իր հետեւից դրական սպասումներ է ձեւավորում, հետեւաբար նաեւ պոտենցիալն աճեցնում է, եւ հակառակը:

Հարցին, թե ինչպիսի՞ն է իր կարծիքը Ամուլսարի հանքը շահագործելու հարցում, նախարարը պատասխանեց, որ պետք է ապավինել մասնագետների փորձաքննության արդյունքներին եւ առաջնորդվել դրանով. «Ցանկացած հարցի միակողմանի դիտարկումը իր մեջ ռիսկ է պարունակում: Միշտ այնտեղ որտեղ կա առավելությունը, դրա կողիքն կարող է լինել թերություն: Պետք է կշռվի այդ ամենը եւ հավասարակշռված որոշման գալ: Եթե միայն տնտեսական տեսանկյունից հարցը դիտարկվեր, այս ողջ գործընթացը տեղի չէր ունենա»:

Ճշտող հարցին, թե ճի՞շտ է, որ կառավարությունը հակված է, որ հանքը շահագործվի, Ջանջուղազյանն արձագանքեց. «Ոչ մի դժվարություն չկա, երբ խոսքը անձի պատասխանատվության է վերաբերում, իսկ կառավարության պատասխանատվությունը կառավարությունն է իր վրա վերցնում: Երբ որոշումը կկայացվի, դուք բոլորդ կտեսնեք»: