Եթե ծախսերը կատարվել են օրենքով սահմանված բոլոր կանոնները պահպանելով, ուրեմն ամեն ինչ նորմալ է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով նրան, որ Վարդավառի տոնին ԱԺ բակում խալիներ լվանալու համար բյուջեից 5 մլն դրամ է հատկացվել:

Հարցին, թե որքանով էր նպատակահարմար նման ծախս անել, նախարարը պատասխանեց. «Նպպատակի հարցը քննարկվում է այն ժամանակ, երբ քննարկվում է այդ ծախսը: Երբ այդպիսի ծախս է նախատեսվել, գնման առարկա է նախատեսվել, դրանով հիմնավորվել է նպատակայնությունը: Դուք հիմա ինձ հարցնում եք մի բան, որն անմիջականորեն ինձ չի վերաբերվում: Դա պետք է հարցնել այդ ծախսի պատասխանատու մարմնին»:

Դիտարկմանը, որ փող տվողը ֆինանսների նախարարությունն է, Ջանջուղազյանը կատակով նկատեց. «Երբ ասում եք՝ փող տվողը դուք եք, ես սկսում եմ անհանգստանալ, որովհետեւ նախ փողը տալիս է ԱԺ-ն՝ բյուջեն հաստատելուց: Երկրորդ՝ տալիս է կառավարությունը, երբ հաստատում է համամասնությունները, գնման պլանները, եւ երրորդ՝ տվյալ պետական մարմինը, որը իրականացնում է այդ միջոցառումը»:

Նա նկատեց, որ այդ հարցի հասցեատերն ինքը չէ, իսկ դիտարկմանը, որ ինքը նաեւ ՀՀ քաղաքացի է եւ կարող է տեսակետ հայտնել, Ջանջուղազյանն ասաց. «Բայց դուք հիմա որպես քաղաքացի չեք ինձ կտտանքների ենթարկում»:

Նա նշեց, որ տեղին չի տպավորությունը, որ ինքն ամեն մի առանձին վերցրած ծախսի մասին մտածում է. «Բյուջեում մոտ 1 տրլն 688 մլրդ դրամ ծախս է նախատեսված, գնման առարկաները հազարավորներն են: Հիմա 1 տրլն 688 մլրդ դրամ գումարի մեջ 5 մլն դրամը ամենանշանակալին չէ, բայց մեծ ու փոքրի տեսակետից ամեն մի դրամն էլ հաշվի է, որովհետեւ ենթադրվում է, որ ամեն մի դրամի դիմաց պետք է փորձել առավելագույն արդյունք ստանալ»: