Օգոստոսի 19-ից 22-ը հերթական այցով Հայաստանում էր պաշտպանական կրթության զարգացման եւ բարեվարքության ամրապնդման հարցերով ՀՀ պաշտպանության նախարարությանը խորհրդատվական աջակցություն տրամադրող ՆԱՏՕ-ի թիմը:

Այցի նպատակն էր մասնակցությունը ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում «Լավ կառավարում եւ բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագրի մեկնարկին եւ մասնագիտական քննարկումների անցկացումը: Հայկական կողմից խորհրդատվական խմբի հետ աշխատանքներին ներգրավվել էին ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների, Վ. Սարգսյանի անվան ռազմական եւ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանների ղեկավար եւ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:

Օգոստոսի 19-ին խորհրդատվական խմբին ընդունել է ՀՀ ՊՆ մարդու իրավունքների եւ բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը: Քննարկվել են ՆԱՏՕ-ի բարեվարքության ամրապնդման ծրագրի ինքնագնահատման գործընթացի իրականացման ընթացիկ վիճակին եւ դրա շրջանակներում սպասվող միջոցառումների կազմակերպմանն առնչվող հարցեր: ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները գոհունակությամբ են նշել ինքնագնահատման գործընթացի շրջանակներում գրանցված առաջընթացը եւ պատրաստակամություն հայտնել այդ ուղղությամբ ընդլայնել համագործակցությունը:

Օգոստոսի 20-ին եւ 21-ին կազմակերպվել են խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, որտեղ 2019թ. ուսումնական տարվա առաջին կուրսի կուրսանտների համար մեկնարկել է «Լավ կառավարում եւ բարեվարքություն» առարկայի պիլոտային ծրագիրը: Հանդիպումներ են անցկացվել ռազմական կրթօջախների ղեկավարության եւ ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ:

Խորհրդատվական խմբի այցն ամփոփվել է ՀՀ ՊՆ համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: Կողմերը համաձայնեցրել են Հայաստանի պաշտպանական գերատեսչության ռազմաուսումնական հաստատությունների հետ ՆԱՏՕ-ի խորհրդատվական խմբի համագործակցության հետագա ծրագրերը եւ ուղենիշները:

«Լավ կառավարում եւ բարեվարքություն» առարկան պրոֆիլային կրթօջախներում ներդնելու եւ այս ուղղությամբ ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու հարցում հետաքրքրվածություն է ցուցաբերվել ՀՀ ոստիկանության կողմից: Այցի ընթացքում պաշտպանության նախարարությունը կազմակերպել է խորհրդատվական խմբի հանդիպումները նաեւ ոստիկանական համակարգի հաստատություներում: