Դանիայից Գրենլանդիան գնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ցանկությունը Կրեմլին չի վերաբերում, Ռուսաստանը նման միջազգային շոփինգով չի զբաղվում եւ չէր ցանկանա միջամտել Վաշինգտոնի ու Կոպենհագենի հարաբերություններին, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Դա մեր գործը չէ, մենք նման միջազգային շոփինգով չենք զբաղվում: Այս հարցն ավելի շուտ կապված է ԱՄՆ-ի եւ Դանիայի հարաբերությունների հետ: Եթե ճիշտ ենք հասկանում, հիմա այնտեղ որոշակիորեն սեւ կատու է անցել: Բայց նորից եմ կրկնում՝ սա մեր հարցը չէ: Մենք չէինք ցանկանա միջամտել»,- ասել է Պեսկովը՝ ի պատասխան այն հարցին, թե Կրեմլն ինչպե՞ս է գնահատում Գրենլանդիան գնելու Թրամփի առաջարկը, Դանիայի մերժումը եւ սրան հաջորդած ԱՄՆ առաջնորդի կողմից երկիր այցելելու մերժումը:

Հստակեցնող հարցն այն մասին, թե Կրեմլն արդյոք Թրամփի այդ առաջարկը գնահատո՞ւմ է որպես Արկտիկայի պաշարների համար պայքարի սրման հնարավոր դրսեւորում, ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը չի մեկնաբանել, սակայն նշել է, որ Ռուսաստանը շարունակում է արկտիկական շելֆում իր իրավունքների պաշտպանության աշխատանքը: «Ես դա չեմ մեկնաբանի, միայն կասեմ, որ Ռուսաստանն իր աշխատանքն է կատարում ՄԱԿ համապատասխան ստորաբաժանումների հետ շելֆում իրավունքների պաշտպանության առումով... Կան որոշակի հաջողություններ, այդ աշխատանքը շարունակվում է, այն բացարձակապես օրինական է, համապատասխանում է միջազգային իրավունքին»,- ասել է Պեսկովը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում հրապարակումների շարք էր հայտնվել այն մասին, որ Թրամփը քննարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը, որը ընդարձակ ինքնավարության իրավունքներով մտնում է Դանիայի կազմի մեջ: Ավելի ուշ Թրամփն ինքը լրագրողների հետ զրույցում հաստատել էր, որ այս հարցով հետաքրքրվել է «ռազմավարական» իմաստով: Գրենլանդիայում հայտարարել էին, որ կղզին չի վաճառվում, իսկ Դանիայում հույս էին հայտնել, որ Թրամփը կատակել է՝ վաճառքի բուն գաղափարն «անհեթեթ» անվանելով: Դրանից հետո Թրամփը Կոպենհագեն այցը չեղյալ էր հայտարարել: