Չինաստանը դիմել է Վաշինգտոնին՝ կոչ անելով սակագների բարձրացումը շարունակելու փոխարեն դադարեցնել առեւտրային պատերազմը: Չինական ներմուծման վրա ամերիկյան մաքսատուրքերի հերթական բարձրացումն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից:

ԱՄՆ-ում նոր սակագները կհանգեցնեն տնտեսական աճին եւ առեւտրային բախումներին: Այս մասին հայտարարել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Գաո Ֆենը, հաղորդում է AP-ը:

«Հուսով ենք՝ Միացյալ Նահանգներն ու Չինաստանը կկարողանան հանդիպել կեսճանապարհին եւ որոշում գտնել»,- ասել է նա: 

Երկու երկրների ներկայացուցիչները կհանդիպեն սեպտեմբերին Վաշինգտոնում: Հուլիսին Շանհայում բանակցությունների վերջին փուլն ավարտվել էր առանց որեւէ առաջընթացի:

Գաո Ֆենի խոսքով՝ բանագնացները հեռախոսազրույց են ունեցել օգոստոսի 13-ին եւ համաձայնել են կրկին խոսել 2 շաբաթվա ընթացքում: Նա նշել է, որ եթե ամերիկյան կողմը մաքսատուրքեր սահմանի, ապա Չինաստանը «համապատասխան կոնտրմիջոցներ» կկիրառի:

Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Պեկինն աշխատում է «անհուսալի կազմակերպությունների» սեւ ցուցակի վրա: Չինաստանը հայտարարել է այդ ցուցակի ստեղծման մասին այն բանից հետո, երբ Վաշինգտոնը սահմանափակել է ամերիկյան տեխնոլոգիաների վաճառքը չինական Huawei Technologies Ltd հեռահաղորդակցության ոլորտի առաջատարին: