Գրենլանդիայի բնակիչներն ու իշխանությունները կղզին գնելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը վիրավորական են համարում, սակայն ողջունում են գլոբալ ուշադրությունը, հաղորդում է CNBC-ը:

Թրամփը չեղարկել էր Դանիա այցն այն բանից հետո, երբ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենն այդ գաղափարը «անհեթեթ» էր անվանել:

Կղզու նկատմամբ Վաշինգտոնի հետաքրքրության հիմքում ընկած են աշխարհաքաղաքական եւ տնտեսական գործոններ, ներառյալ՝ նոր ծովային ուղիներ եւ հսկայական բնական ռեսուրսներ՝ նավթ, տիտան, նիկել, պողպատ, ցինկ, ոսկի եւ արճիճ:

Եվս մեկ առանցքային գործոն է Արկտիկայում Չինաստանի ազդեցության ընդլայնումը, քանի որ վերջինս արդեն ապահովել է Գրենլանդիայում ենթակառուցվածքների ոլորտում զգալի ծրագրերը:

Լոնդոնում գրանցված Bluejay Mining-ի գործադիր տնօրեն Ռոդ Մակիլրին, որն աշխատում է Գրենլանդիայում արդեն 11 տարի, CNBC-ին ասել է, որ իրավիճակը «մրցավազքի» է վերածվում:

2009թ. Դանիայի իշխանությունները Գրենլանդիայում օգտակար հանածոների եւ ածխաջրերի հանքավայրերի իրավունքը հանձնեցին կղզու ժողովրդին, ինչի արդյունքում կղզու բնակչությունը՝ մոտ 55 000 մարդ, դարձավ առնվազն 5 չմշակված եւ գլոբալ առումով նշանակալի նավթի եւ մետաղի հանքավայրերի սեփականատերը:

«Գրենլանդիայի կառավարությունը այդ ժամանակ հանքային եւ ածխաջրային ռեսուրսների նոր համակարգ մտցրեց, որն այժմ լիովին շահագործում է հանքային ռեսուրսները»,- CNBC-ին ասել է Մակիլրին:

Նրա խոսքով՝ կղզու իշխանությունները ողջունում են կղզու հեղինակության եւ նրա հանդեպ հետաքրքրվածությունը, սակայն Թրամփի անձնական մեկնաբանությունները լավ չեն ընդունվել:

Պատգամավոր Ակի-Մատիլդա Հոգ Դամի խոսքով՝ Դանիա այցը չեղարկելու մասին Թրամփի որոշումը գրավեց միջազգային հանրության ուշադրությունը, եւ դա հստակ առավելություններ է տալիս Դանիայի սահմաններից դուրս Գրենլանդիայի տնտեսական եւ աշխարհաքաղաքական առկայության ընդլայնման համար, գրում է տեղական Sermitsiaq թերթը:

Գրենլանդիայի խորհրդարանի մեկ այլ անդամ՝ Այա Հեմնից Լարսենը, հայտարարել է, որ եթե Թրամփը ցանկանում է քննարկել Գրենլանդիան, ապա պետք է այց ծրագրեր դեպի կղզու Նուուկ մայրաքաղաք, այլ ոչ թե Կոպենհագեն: