Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։

Աշխատանքներին մասնակցում են ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 մարտական հաշվարկ, 5 ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնից փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը, ինչպես նաև Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրշեջ-փրկարարների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է կրակի օջախներից դուրս բերել մի քանի հարյուր տոննա տարբեր տեսակի և նշանակության ապրանքներ և բեռներ:

Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 13:54-ին հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի սառնարանային շինության 3-5 հարկերում (յուրաքանչյուր հարկը՝ 740 քմ) ։