«Շշի Մելո» անունով հայտնի գործարար Մելիք Մանուկյանի դեմ օգոստոսի 2–ին իրականացված մահափորձի գործով մեղադրյալ Արթուր Մխիթարյանի նկատմամբ ոստիկանական բաժնում իրականացված ենթադրյալ բռնությունների վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ՝ նյութեր նախապատրաստելու։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց Դատախազության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արևիկ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանի պաշտպան Գայանե Գրիգորյանը օգոստոսի 19–ին  հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Պաշտպանի խոսքով՝  Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնում, բաժնի պետի ներկայությամբ իր պաշտպանյալի նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումներ են գործադրվել, խոշտանգել նրան, ինչի արդյունքում արդեն ՔԿՀ–ում Մխիթարյանն ինքնավնասում է կատարել։

Երեւան-Սեւան ավտոճանապարհին պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին`Մելիք Մանուկյանին պատկանող ապակե տարաների գործարանի մոտ։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 34-104 -րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության փորձը եւ ՔՕ 235 -րդ հոդվածի 1-ին կետի՝ ապօրինի կերպով զենք–զինամթերք ձեռք բերելը, պահելը հոդվածների հատկանիշներով: Գործի շրջանակներում կալանավորվել են Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանը, 53-ամյա Պետրոս Էլբակյանը եւ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանը։

 Եւս երկու անձ էլ կալանավորված է պայթյունի դեպքի վայրից Մելիք Մանուկյանի մեքենան հեռացրելու համար։ Մելիք Մանուկյանն այս գործով ունի տուժողի կարգավիճակ։