Ոստիկանությունը օրենքով վարչապետին կից կառույց է եւ առանց վարչապետի հանձնարարակնի նրանք որեւէ գործողություն չեն անում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 22–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների նկատմամբ ոստիկանության գործողություններին։

«Հավաքը խաղաղ էր, փակել էին Բաղրամյան պողոտան, որն ընդունենք, որ չի կարելի, բայց գոյություն ունեն խաղաղ հավաքի հետեւյալ սկզբունքները նաեւ ՀՀ օրենքով։ Եթե հավաքը խաղաղ է եւ ինքնաբուխ, ապա այն ցրել չեն կարող։ Առնվազն 6 ժամ ոստիկանությունը պետք է սպասեր, դրանից հետո նոր միայն կարող էր ցրել։ Խաղաղ հավաքը ցրելու ի՞նչ իրավունք ուներ ոստիկանությունը»։

Անդրադառնալով ԱԺ–ի դարպասները հավաքի մասնակիցների առաջ փակելուն՝ նա ընդգծեց, որ դա եղել է հրահանգով. «Հոկտեմբերի 2-ին կարելի էր անցկացնել եւ առաջին անգամ բացել եւ ճնշում գործադրել այն ժամանակվա ԱԺ-ի վրա, իսկ հիմա չէ՞ր կարելի»։

Իշխանյանի խոսքով՝ հավաքը ցրելու ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվել․ «Հավաքը ցրելու ժամանակ ես տեսա Զարուհի Հովհաննիսյանի բավական կոպիտ վայր ընկնելը։ Հետո կարդացի, որ մի տղայի նկատմամբ շատ բռնի են վարվել, եւ նա շատ ծանր վիճակով գնացել է հիվանդանոց»։

Հելսինկյան կոմիտեի նախագահը հիշեց նաեւ ոստիկանական նախկին բռնությունները, որոնք առ այսօր անպատիժ են մնացել։

«Ինչի՞ համար «Նոր Հայաստանում» Էլեկտրիկ Երեւանի եւ Սարի թաղի գործերը կասեցվեցին։ Ես սրանց պատասխանն ունեմ, թե ինչու կասեցվեցին, որովհետեւ եթե չկասեցվեին, եւ պատասխանատուները պատասխանատվության ենթարկվեին այդ գործողություններն անելու համար, ապա այժմ ոստիկանությունը նման գործողությունների չէր դիմի՝ վախենալով, որ պատասխանատվության կենթարկվեն»,– եզրափակեց Իշխանյանը։