Ճապոնիան նախկինի պես ակնկալում է, որ Հարավային Կորեան կկատարի իր խոստումները: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Սինձո Աբեն, փոխանցում է AP-ն:

Նրա խոսքով՝ ռազմական հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագրի կասեցման մասին Հարավային Կորեայի որոշումը վնաս է հասցնում փոխվստահությանը: Նա Սեուլին մեղադրել է տված խոստումների չկատարման համար: «Մենք կշարունակենք մեր գործողությունները սերտ կերպով համակարգել ԱՄՆ-ի հետ, որպեսզի ապահովենք տարածաշրջանի խաղաղությունն ու բարգավաճումը, ինչպես նաեւ Ճապոնիայի անվտանգությունը»,- ասել է նա «Մեծ յոթնյակի» գագաթնաժողով մեկնելուց առաջ:

Սեուլը նախօրեին հայտարարել էր Ճապոնիայի հետ հետախուզական տվյալների փոխանակման համաձայնագրի դադարեցման մասին՝ 1910-1945 թվականներին Կորեայի օկուպացիայի ժամանակ հարավկորեացիների հարկադիր աշխատանքի հետ կապված փոխհատուցումներին առնչվող վեճի ֆոնին:

Հարավային Կորեան հայտարարել էր, որ նման որոշում է ընդունել, որովհետեւ Տոկիոն նվազեցրել է Հարավային Կորեայի հետ արտոնյալ առեւտրի կարգավիճակը, ինչը, նրա խոսքով, փոխել է անվտանգության ոլորտում երկրների համագործակցությունը: