Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ուշադրությամբ հետեւում եւ մասնակցում է Ամուլսարի հանքի հետ կապված թեժ քննարկումներին. ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր, որոնց լիարժեք կառավարումը գործնականում ոչ ոք չի կարող երաշխավորել: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությոնը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Հասկանում ենք նաեւ Վարչապետի ներկայացրած փաստարկները, որոնք միտված են հարցը ի շահ պետության եւ բնակչության կարգավորելուն, եւ որպես այդպիսիք դրանք բավականին ծանրակշիռ են:

Այնուամենայնիվ, ելնելով խնդրի խիստ մեծ ծավալներից Հայաստանի ողջ բնակչության համար, եւ նկատի ունենալով երկու կողմերի ներկայացրած հնարավոր երկարաժամկետ հետեւանքները, մենք առաջարկում ենք ՀՀ կառավարությանը եւ Վարչապետին այս հարցում ինքնուրույն որոշում չկայացնել: Վարչապետ Փաշինյանին կոչ ենք անում Ամուլսարի հանքի շահագործման հարցը ներկայացնել համապետական հանրաքվեի եւ ըստ ժողովրդի կամքի կայացնել վերջնական որոշում:

Վարչապետին կոչ ենք անում նաեւ վերագնահատել Հայաստանում մետաղական հանքերի բնապահպանական ազդեցությունը եւ նրանց նկատմամբ կիրառել ավելի բարձր ստանդարտներ, իսկ որոշներին փակել արդեն իսկ պատճառած զգալի վնասների պատճառով: