Հայաստանի բանկերի միությունը շարունակում է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման աշխատանքը։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը։ Նա նշեց, որ Հայաստանի բանկերի միության, առեւտրային բանկերի եւ գործընկեր կազմակերպությունների նախաձեռնությամբ կիրականացվի «Ֆինանսական գրագիտություն եւ հմտություններ» միջոցառումների ծրագիրը, որի հիմքում ընկած են ֆինանսական կրթության Ազգային ռազմավարության դրույթները։ «Գիտելիքները ֆինանսական ոլորտում ֆինանսական բարեկեցության եւ կայունության կարեւոր բաղադրիչն են»,- ավելացրել է նա։

Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն, իր հերթին, նշել է, որ Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ Արցախի տարբեր շրջանների 70 երեխաների համար կազմակերպվել է ամառային հանգիստ Լոռու մարզում, որն ուղեկցվել է ֆինանսական գրագիտության բարձրացման վերաբերյալ միջոցառումների անցկացմամբ։ «Բացի այդ, «Տնտեսական լրագրողների ակումբի» հետ համատեղ արդեն իրականացվել են կարեւոր միջոցառումներ, մասնավորապես, կազմակերպվել է 2-ամսյա լրագրողական սեմինար։ Միջոցառումների հիմնական մասը տեղի կունենա աշնանը։ Դրանց թվում են՝ «Բաց դռների օրը» բանկերի մասնաճյուղերում, «Ապագայի բանկն իմ ընկալմամբ», «Բիզնես պլանի կազմում» մրցույթը եւ այլն»,- ընդգծել է նա։ Սարգսյանը նշել է, որ ծրագրի արդյունքների հիման վրա տեղի կունենան պարգեւատրումներ «Տարվա լավագույն տնտեսական հրապարակում» եւ «Ֆինանսական եւ բանկային ոլորտների լավագույն տնտեսական վերլուծությունների հեղինակները» անվանակարգերում։