2019 թվականի օգոստոսին գրանցվել է աննախադեպ ակտիվություն բանկային ոլորտում։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախագահ Արտակ Հանեսյանը։

Նրա խոսքով՝ ակտիվությունն օգոստոսին, որը համարվում է պասիվ շրջան բանկային ոլորտում, ավելի բարձր է եղել, քան անցած տարվա դեկտեմբերին, թեեւ տարեվերջը համարվում է ամենաակտիվը։ Արտակ Հանեսյանն ավելացրել է, որ դեպոզիտների աճի տեմպը երկրորդ եռամսյակում, անցած տարվա նույն շրջանի ցուցանիշների համեմատ, կազմել է 18 տոկոս։ ՀԲՄ նախագահը նշել է, որ շատ կարեւոր է աշխատել բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացման ուղղությամբ եւ կրճատել ֆինանսական միջնորդներին դիմելու թիվը, որոնց գործունեությունը շատ հաճախ դժգոհություն է առաջացնում։ «Տնտեսության աճի տեմպերն ընդհանուր առմամբ նույնքան բարձր են, որքան կանխատեսում էինք տարեսկզբին, ինչը երեւում է տնտեսության առանձին ճյուղերի աճի, ինչպես նաեւ բանկային ճյուղի ակտիվության մեջ, հատկապես հիփոթեկային վարկավորման ոլորտում։ Վարկավորման այս տեսակի պարագայում շուկայում այսօր նկատվում է այնպիսի պատկեր, որ առաջարկը չի հասցնում պահանջարկի հետեւից։ Ինչ վերաբերում է ողջ վարկավորման պորտֆելին, ապա, անցած տարվա համեմատ, աճը կազմել է 14,4 տոկոս»,- ընդգծել է նա։