Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով երկու քարի արանքում հայտնված իշխանությունները պետք է հրաժարական տան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 23–ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։

«Սովորաբար երկու քարի արանքում հայտնված իշխանությունները հրաժարական են տալիս։ Նման դեպքերում ասում են՝ մենք չենք կարող նախապատվություն տալ այս կամ այն մոտցմանը, երկու դեպքում էլ վտանգներ կան, իսկ մենք այս վիճակում չենք կողմնորոշվում, քաղաքական իմաստով իմպոտենտ ենք, մենք հրաժարական ենք տալիս։ Եթե հանքի շահագործման առումով կա վտանգ, իսկ այդ վտանգի մասին բարձրաձայնողներ կան,  ապա պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկեն։

«Օրինակ Սևան–Հրազդան կասկադով մեր սերունդները հպարտանում էին, բայց մի քանի տասնյակ միլիոններով Սևան–Հրազդան կասկադն, իբրև թե պարտքի դիմաց տրվեց օտար ընկերության։ Հիմա Ամուլսարի դեպքով թող դատի տան նրան, ով ապօրինի կերպով կնքել է այդ պայմանագիրը, պատասխանատվության ենթարկեն և գտնեն լուծումը, եթե չեն գտնում լուծումը՝ հրաժարական թող տան»,–ասաց նա։

Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման հարցը հանրաքվեով լուծելուն, Հայրիկյանն ասաց.

«Նախորդ իշխանությունների կատարած քայլը հանրաքվեի դնելը կնշանակի, որ այսօրվա իշխանությունները ցանկանում են պատասխանատվությունն իրենց վրայից գցել անիրազեկ քաղաքացիների վրա։ Դա հավասարազոր է նրան, որ մեկի սիրտը պետք է վիրահատեն, կանչում են ինձ և ձեզ՝ հարցնում են՝ վիրահատենք, թե՞ ոչ։ Եթե ստացել ես այդ պաշտոնը, նշանակում է մասնագիտական մոտեցում ցուցաբերիր»,–եզրափակեց Հայրիկյանը։