Հայաստանում նկատվում է վստահության բարձր մակարդակ բանկային ոլորտի հանդեպ։ Այս մասին օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը։ Նրա խոսքով՝ դա երեւում է ֆիզիկական անձանց դեպոզիտների աճի կայունությունից, ինչպես նաեւ կապիտալի կտրուկ արտահոսքի բացակայությունից։ «Վստահության աճը շարունակվում է, հատկապես անկանխիկ ծառայությունների համակարգի ներդրմամբ»,- նշել է նա։ Սեյրան Սարգսյանն ընդգծել է բնակչության ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված աշխատանքի կարեւորությունը՝ նվազեցնելու համար ռիսկերը ֆինանսական ծառայություններ ստանալիս։ «Կնվազեն նաեւ ծառայությունների գները, քանի որ կվերանա միջնորդներին դիմելու անհրաժեշտությունը։ Բացի այդ, կկրճատվի ֆինանսական խարդախությունների թիվը»,- պարզաբանել է նա։