Այս ամբողջ պատմության մեջ միակ դիսկոմֆորտը հետեւյալն է, որ մենք ինչ-որ X պահից էլ չենք լսում իրար, թե ինչ ենք ասում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 23-ին, Ջերմուկի հրապարակում քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես ասում եմ՝ ձեր գրած բոլոր նամակները, բոլոր ուղերձները անձամբ կարդացել եմ՝ 100-ավոր էջերով: Այս քրեական գործն էլ հարուցվել է իմ նախաձեռնությամբ: Միջազգային փորձաքննությունը եւս եղել է իմ նախաձեռնությամբ եւ դա ձեր առաջ իմ ստանձնած պարտավորությունն է եղել»,-ասաց Փաշինյանը:

Ջերմուկցիներից մեկի դիտարկմանը, որ փորձաքննություն իրականացնողները ընդամենը մի քանի ժամով են եկել հանքի տարածք, վարչապետը հակադարձեց. «Ով եկել է, որ ներս մտնի, չեք թողել»:

Վարչապետը հավելեց, որ «Էլարդի» պաշտոնական եզրակացությունն այն է, որ Ջերմուկի հանքային ջրերի, Սեւանի ջրերի հետ կապված վնաս չկա: Այդ ժամանակ տեղից ջերմուկցիները սկսեցին բղավել, որ սարից իջնող գետերի վրա ազդեցություն լինելու է, ինչը բարկացրեց Փաշինյանին:

«Եղբայր, հասկացանք: Չենք լսում իրար, եկեք դուք էստեղից խոսեք, ես ձեզ լսեմ»,-ասաց վարչապետը: