Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա իրականացնող ջերմուկցիները վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանին դժգոհեցին, որ հանքի շահագործման հարցով Ջերմուկում երբեւէ հանրային լսումներ չեն եղել։

Ջերմուկցի կանանցից մեկը նկատեց, որ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ)վերջին պահին է իրականացվել.

«Լիազոր մարմինը Շրջակա միջավայրի նախարարությունն է, որի տեսակետը լսել են վերջին պահին։ 2016–ից ՇՄԱԳ չի իրականացվել, կազմակերխեք նոր հանրային լսումներ եւ նոր ՇՄԱԳ իրականացրեք»,–հայտարարեց բնակչուհին։

Կարապետյանը հայտարարեց, որ ինֆորմացիան աղավաղված է ներկայացվել բնակիչներին։

«Ո՞նց չեն արել, հանցագործ ռեժիմը, որոնց լրատվամիջոցները հիմա ամենաակտիվն են էստեղ, հիմա հանցավոր ռեժիմի սեփականատերերն իրենց լրատվամիջոցներով նստել են ստեղ եւ ուզում են աղավաղված ինֆորմացիա տալ»,–ասաց Կարապետյանը։

Քաղաքացիներն ասացին, որ իրենք լրատվամիջոցների հետ կապ չունեն եւ որ պետք է հարգել իրենց պահանջները։

Կարապետյանն էլ հայտարարեց, որ ինչ եղել է, հանցագործ ռեժիմի ժամանակ է եղել:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ մեկնել է Ջերմուկ, որտեղ շրջում է տներով ու Ամուլսարի հանքի շահագործման թեմայով առանձին զրույցներ ունենում բնակիչների հետ։