Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է համաչափ պատասխան պատրաստել ԱՄՆ-ում նոր թեւավոր հրթիռի փորձարկմանը: Այս մասին նա հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նկատի ունենալով նոր ստեղծված հանգամանքները՝ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությանը, ԱԳ նախարարությանը, այլ ճյուղային գերատեսչություններին հանձնարարում եմ վերլուծել սպառնալիքի մակարդակը, որը մեր երկրի համար ստեղծվել է Միացյալ Նահանգների նշված գորոծողությունների հետեւանքով, եւ համաչափ պատասխան պատրաստելու սպառիչ միջոցառումներ ընդունել»,- ասել է Պուտինը:

Նա նաեւ նշել է, որ ըստ ամերիկացի բարձրաստիճան քաղաքական գործիչների հայտարարությունների՝ հրթիռների տեղակայումը կարող է սկսվել Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանից:

«Բայց սա եւս առնչվում է մեր արմատական շահերին, քանի որ այդ ամենը գտնվում է ռուսական սահմանների մերձակայքում»,- ասել է ՌԴ նախագահը:

Ընդ որում՝ նա շեշտել է, որ Ռուսաստանը չի ցանկանում եւ չի ներքաշվի սպառազինության մրցավազքի մեջ ու նախկինի պես բաց է ԱՄՆ-ի հետ կառուցողական երկխոսությանը՝ վստահության վերականգնման եւ միջազգային անվտանգության ամրապնդման համար:

Խոսքը վերգետնյա բազավորման ոչ միջուկային թեւավոր հրթիռի փորձարկման մասին է, որն ԱՄՆ-ն անցկացրել էր օգոստոսի 18-ին: Սա «Տոմոհավկի» տարբերակ է, որը նախկինում արգելված էր Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրով: Պենտագոնից հայտարարել էին, որ Կալիֆոռնիայում Սան Նիկոլաս կղզում վերգետնյա շարժական արձակման կայանքից արձակված հրթիռը ավելի քան 500 կմ թռիչքից հետո թիրախը ճշգրիտ խոցել է: